Saturday, June 9, 2012

Ընտրիր՝ ես թե՞ նրանք (Մաս2)


Հաջորդ օրն ինչպես միշտ գնացի համալսարան: Ընկերուհիներս, իհարկե, տեղյակ էին նախորդ օրվա իրադարձություններին: Ու ահա նրա հերթական զանգը: Խուճապահար եղած չէի կարողանում մի քանի րոպե պատասխանել: Ի՞նչ ասեմ նրան, ի՞նչպես խոսեմ, ի՞նչպես վարվեմ նրա հետ: Երևի աղջիկների մեծամասնությունն էր հայտնվել այս նույն իրավիճակում: Սակայն կարծում եմ, ոչ մեկ այսպիսի զվարճալի ու յուրօրինակ լուծում չի գտել այս խնդրին, ինչպիսին գտանք ընկերուհիներով: Փառք Աստծո դասերն էլ արդեն ավարտվել էին, իսկ լսարանը ամբողջովին դատարկ էր: Մեզ օգնության հասան գրատախտակը, կավիճը և իմ հեռախոսի բարձրախոսը:
Երևի իմ ամբողջ կյանքում գրատախտակն այդպիսի կարևոր դեր չէր խաղացել ու չի էլ խաղա ինչպես այդ օրը: Հեռախոսով հնչում էին նրա պարզ հարցերը, իսկ այդ հարցերն իմ համար մաթեմատիկական բարդ խնդիրներ էին թվում, որոնց պատասխանները գրվում էին գրատախտակի վրա: Մոռացել էի բոլոր բառերը ու կցկտուր բառեր էի կարդում գրատախտակից...  Հիշում եմ ու զարմանում իմ վրա:

Որոշ ժամանակ անց սկսվեցին պարբերաբար կրկնվող հանդիպումները: Ամեն մի հաջորդ հանդիպում ավելի սպասված էր դառնում, քան նախորդը: Ամեն մի հաջորդ հանդիպումն ավելի էր համոզում ինձ, որ չեմ սխալվել նրա մեջ: Ամեն ինչ գեղեցիկ էր, հեքիաթային, ճիշտ այնպես ինչպես ինքս էի երազում ու երազում էին հարյուրավոր աղջիկներ: Երազում էին ոչ թե ասպետի մասին, այլ մի պարզ ու գրավիչ տղայի մասին, ում հարկավոր չէր սպիտակ ձի աղջկա սիրտը գրավելու համար: Ով բարի էր, մաքուր, նպատակասլաց: Հենց այդպիսին էր Հայկն իմ համար:
Բայց իմ հեքիաթն էլ մի օր ավարտվեց: Չէ, նա ինձ չի դավաճանել... Ոչ էլ խաբել է: Նա ինձ մինչև հիմա էլ սիրում է: Նա ոչ մի բանում մեղավոր չէ: Ու ոչ էլ ես: Պարզապես բոլոր հեքիաթներն էլ ունենում են գեղեցիկ ավարտ, որից հետո սկսվում է դաժան իրականությունը: Իմ դեպքում այդ իրականությունը երկընտրանքն էր, որի առջև դրեցին ինձ ծնողներս նրա մասին իմանալուց հետո: Միշտ փորձում եմ արդարացնել նրանց որոշումը: Չէ՞ որ յուրաքանչյուր ծնող էլ ցանկանում է իր զավակին տեսնել երջանիկ: Բայց Հայկի հանդեպ սերը չի թողնում, համակերպվել այդ որոշման հետ: Երջանկությունս սկսվում է այնտեղ որտեղ նա է և ավարտվում այտեղ որտեղ նա չկա: Արդարացի չէ... Արդարացի չէ պայքարել ծնողական սիրո դրսևորման դեմ, սիրած էակին հասնելու համար:

Ընտրիր՝ ես թե՞ նրանք (Մաս1) 
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...