Sunday, February 5, 2012

Ինչպես են ազատվում բաժանման արդյունքում առաջացած սթրեսից: Ամուսնալուծության խնջույք:

Անշուշտ մենք, հայերս, սովոր ենք ունենալ մեծ,  ճոխ ու աննկարագրելի շքեղ հարսանիքներ: Ամեն գնով մեկի հարսանիքը պետք է մյուսին չզիջի, լինի դա պարտք անելով, վարկ վերցնելով, թե գրավով:
Անմոռանալի հարսանյաց արարողությունից հետո, երբ թվում է, թե քո կյանքում սկսվել է մի նոր հեքիաթային փուլ, լի ռոմանտիկայով,  սիրով ու երջանկությամբ, մոռանալով կյանքի դառը ու դժար փորձությունները՝ նորապսակները փորձում են կառուցել իրենց ընտանիքը: Սակայն միշտ չէ, որ մեր պատկերացումները իդեալական ընտանիքի մասին համընկնում են իրականության հետ, իսկ ինչն ավելի վատ է, միշտ չէ, որ զույգերի պատկերացումներն են համընկնում իրար հետ:
Անցնելով առօրյա հոգսերին, ու միապաղաղ կյանքին,  շատ նորապսակների մոտ սկսվում է դժվարությունների փուլը:  Ու ցավոք նրանցից ոչ բոլորն են կարողանում պահպանել իրենց ընտանիքը: Ինչի արդյունքն են ամուսնալուծությունները:
Իսկ ո՞վ է ասել, որ այն՝ ինչը սկսվում է ուրախությամբ, չի կարող նույն ուրախությամբ էլ ավարտվել...

Ահա այդպիսի պարզ և ուրախ լուծումներից են ամուսնալուծական խնջույքները:
Ամուսնալուծության  խնջույքը  (երեկույթը կամ ինչպես ԱՄՆ-ում են ասում ՝Divorce party) ցավին ու տառապանքին վերջ տալու մի ձև է, որը սկսվում է ամուսնալուծվելով: Այս  խնջույքը հնարավորություն է տալիս արտահայտել ու հանել ներսումդ կուտակված այն ամենը՝ ինչը ստիպում է լացել, գոռալ, ծիծաղել,զայրանալ, այն ամենը ինչի կարիքն ունես անելու՝ քո ընկերների և ընտանիքի հետ:
Ընկերները կարող են իրենք կազմակերպել խնջույքը, որպեսզի ցույց տան իրենց ամուսնալուծվող ընկերոջը` իրենց կողմից պաշտպանված և սիրված լինելը, և թույլ չտան միայնակ զգալ:
 Խնջույքի ժամանակ ամուսնալուծված անձը կարող է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր եղել են իր կողքին ամուսնալուծման ժամանակ: Սա  հնարավորություն է, որ բոլորին հայտարարես քո կյանքի նոր փուլի մասին, որ դու հիմա ազատ ես և հասանելի նոր փորձություններ հաղթահարելու և նույնիսկ նոր հարաբերություններ սկսելու համար: Սկսվում է կյանքի նոր շրջան և դա նշելու մի մեծ առիթ է:
Այս տենդենցը սկսվեց ԱՄՆ-ում, ապա տարածում գտավ մի շարք երկրներում:  Օրինակ Մեծ Բրիտանիայում  խանութներում կան հատուկ բաժիններ ամուսնալուծության երեկույթների նվերների համար: Ճապոնիայում երեկույթի ժամանակ ամուսնալուծվողները պատմում են իրենց ամուսնալուծության պատճառները, հետո  ճզմում են իրենց ամուսնական մատանիները:  Բնականաբար դրանց լայն տարածմանը նպաստեցին հեռուստաաստղերը, որոնք սովոր են ամուսնալուծություններին: Վերջիվերջո մի լուծում պետք էր գտնել. . . Ռեալիթի աստղ Քեյթի Փրայսի ամուսնալուծության խնջույքը տևեց 3 օր: Նախկին միս ԱՄՆ Շաննա Մոաքլերը տոնել է իր ամուսնալուծությունը, երեք հարկանի տորթով, որի վրա ցույց է տրվում, թե ինչպես է ամուսնուն հրում վերևի հարկից, իսկ ամուսնու արյունը տարածվում է ամբողջ շերտերով: Նմանատիպ տորթեր կարող եք գտնել նաև այստեղ:

Ամուսնալուծության խնջույքների արդյունքներն ու վառ օրինակները՝

"Իմ ամուսնալուծությունից հետո մի քանի ամիս մի փոքր ջղային և խենթացած էի դարձել , և իմ ամուսնալուծության երեկույթը թույլ տվեց, որ հանգստանամ ... Այն վերջ դրեց կյանքիս քաոսային ժամանակներին:"

"Իմ ամուսինը գնաց իր դպրոցական սիրո հետ և ինձ թողեց ընկճված վիճակում: Իմ քույրը կազմակերպեց ամուսնալուծության երեկույթ և հրավիրեց մեր բոլոր ծանոթ միայնակ տղամարդկանց: Ես հասկացա, որ ամուսնալուծությունից հետո կյանք կա:"


"Իմ ամուսնալուծությունը երկար և ցավոտ էր: 2 տարի իրավաբանների հետևից ընկած` ամուսնալուծական դժողքից հետո, վերջապես ամուսնալուծվեցի: Ստացա բաժանման թուղթը, և մի լավ երեկույթ կազմակերպեցի իմ այն ընկերների հետ, ովքեր այդ ընթացքում ինձ հետ էին:"

Ինչ վերաբերվում է Հայաստանին, կարծում եմ ամուսնալուծության խնջույքների տենդենցը  դեռ երկար ժամանակ չի այցելի մեր ամուսնալուծվողներին: Ու քանի դեռ մեր աստղերն էլ չեն սկսել տառապել այդ հիվանդությամբ, նա՝ ով կհամարձակվի իր կյանքի հին փուլը ճանապարհել, իսկ նոր փուլը սկսել տոնակատարությամբ կշռայլվի հետևյալ խոսքերով՝
՛՛ Վայ, ինչ մեղկ ա... հոգեկանը խանգարվել ա ամուսնալուծության պատճառով...՛՛
Ինչևէ, իմ խորհուրդը ձեզ՝ մի վհատվեք ոչ մի դեպքում: Ամուսնալուծությունը, իհարկե, ոչ մեկի կյանքում ցանկալի երևույթ չէ, սակայն դրանով կյանքը կանգ չի առնում: Միշտ եղեք վստահ, ու փորձեք ցանկացած իրավիճակի մեջ լավ կողմը գտնել: 
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...