Sunday, February 19, 2012

Չելենտանոյի վերադարձը կամ ինչպես հիասթափեցնել իտալական ֆիլմերի թագավորին

Երեկոյան, երբ վերջապես  որոշեցի անջատել համակարգիչս, ու բոլոր նորմալ մարդկանց նման գնալ քնելու հանկարծ ականջիս հասավ մի ձայն: Փոքր ինչ խռպոտ, սակայն բավականաչափ հրապուրիչ ու գրավիչ, որը կարծես թե վրդովված ինչ-որ բանից՝ բարձրաձայնում էր իրեն փոթորկող հարցերը...
Ու ինչպես կարելի էր չճանաչել այդ ձայնը: Ինչքան եմ երազել այդ ձայնով կատարված երգերի ներքո, երազել հասնել ինչ-որ բանի այս կյանքում ու ձգտել լավագույնի:
Չէ, Չէլենտանոն այն մարդը չի, ում երգերը լսելուց սկսում ես վերհիշել նախկին սերդ, սկսում ես տխրել կամ ուրախանալ: Չելենտանոն այն մարդն է, ում երգերը լսելով ուզում ես շուռ տալ աշխարհը, ուզում ես լինել առաջինը, ուզում ես բոլորին հայտնես քո մասին, որ դու կաս, գոյություն ունես ու քո այդ խղճուկ գոյությամբ պատրաստ ես մի օգտակար բան անել: Միաժամանակ հիշում ես  նաև անհոգ մանկությունդ, երբ լիաթոք ծիծաղում էիր նայելով նրա ֆիլմերը: Սիրում եմ քեզ, Չելենտանո:
Նա արդեն 74 տարեկան է, սակայն Սան Ռեմոյի իր ելույթի ժամանակ կարելի էր անվերջ լսել ու լսել նրան: Կարելի էր պարզապես լսել առանց հասկանալու, թե ինչի մասին էր խոսում այդ "տարեց երիտասարդը", ու կարևոր չէր նա երգում էր, թե խոսում՝ միևնույն է ոչ մի կերպ չէր լինում կտրվել էկրանից: Ոչ ոք չէր կարող փոխարինել նրան՝ իր խարիզմայով, իր հետաքրքրությամբ, դահլիճը լարված պահելու իր ունակությամբ: Արդեն 10 տարի է, ինչ Չելենտանոն չի տալիս համերգներ և հարցազրույցներ, սակայն նրա ալբոմները դուրս են գալիս յուրաքանչյուր տարին մեկ:
Չնայած որ RAI հեռուստաալիքը բավականին երկար ժամանակ է ինչ "գովազդում" էր  Չելենտանոյի վերադարձը, սակայն՝ չմասնակցելով ոչ մի փորձի, մինչև վերջին պահը դեռ հայտնի չէր կկարողանա արդյոք նա դուրս գալ բեմ, թե ոչ: Հեռուստատեսությամբ նրա վերջին ելույթները վրդովված հայտարարությունների էին նմանվում, որտեղ նա քննադատում էր ժամանակակից հասարակությանը, խոսում էր եկեղեցու անարդարության, եվրոպական ճգնաժամի, Իտալիայի խնդիրների, ինքնիշխանության, սահմանադրական դատարանի, և Սան Ռեմոն ուղիղ եթերով հեռարձակող RAI հեռուստաալիքի ցենզուրայի մասին: Այս անգամ նա պահանջեց փակել "Avvenire" и "Famiglia Cristiana" կաթոլիկ խմբագրությունները:
Ես էլ մտածում էի, թե միայն մեր երկրում են լրատվամիջոցները կախվում մի նախադասությունից ու դա դարձնում շատ կարդացվող նյութ, հաշվի չառնելով մարդուն պատճառած վիրավորանքը:
Լսեցի նաև մի վարկած, ըստ որի Չելենտանոյի ելույթներն ունեն միայն մի նպատակ՝ բարձրացնել մեծ աղմուկ և հանրությանը հիշեցնել իր մասին: Սակայն այդ անիմաստությանը կարելի է պատասխանել հետևյալ կերպ՝ Չելենտանոյի նման կայացած ու բոլորի կողմից սիրված մարդը, այդ ամենի կարիքը բնավ չունի: Առավել ևս եթե հաշվի առնենք նրա տարիքն ու նրա հիվանդ լինելու շուրջ պտտվող բամբասանքները:
Ցավալի է նման մարդուն այդ տարիքում տեսնել նման վիճակում՝ հիասթափված շատ շատերից:

Մաս 1

Մաս 2
Մաս 3
Մաս 4
Մաս 5
0

No comments:

Post a Comment

Related Posts Plugin for WordPress, Blogger...